Որքան էլ փորձ է արվում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը դարձնել օրվա թիվ մեկ հարցը, ամեն բան «պտտել» դրա շուրջ, հասարակությունը, որն իսկապես զայրացած է այդ թանկացումից, այնուհանդերձ, մի տեսակ ապատիկ վիճակում է: Հրանտ Մաթևոսյանը մի լավ խոսք ուներ. «Հարյուր ռուբլուց էն կողմ բան չեմ հասկանում»: Հիմա ժողովրդինն է. քանի որ ինքը «չունի» անգամ էդ հարյուր ռուբլին, հարյուրից այն կողմ` մտածի, որ ի՞նչ անի:
Ի դեպ, սակագնին առնչվող խորհրդարանական լսումները, որոնք նախատեսված էին «օդ բաց թողնելու» համար, անգամ ուշացած թվացին այն առումով, որ օրվա «կոնֆերանսիե» Ռոբերտ Նազարյանն արդեն հռչակել էր, թե սակագինը մոտ յոթ դրամով է բարձրանալու, ինչով էլ ինտրիգն ավարտվել էր գրեթե: Այդ թվում և ամենակարևոր «կոնֆերանսիե»-«գոսպոդինի» համար: Այո, Բիբինի համար, որը հարկ չէր համարել «ժամանել»:
Ի դեպ, Բիբինի այդ «չժամանումը» ամենահետաքրքիրն էր այս ողջ պատմության մեջ` ոչ թե ռուսական կողմի ընդհանրական պահվածքի, մեր երկրում, որպես տնտեսավարող իր անպատկառությունը դրսևորելու, ռուսական մեծապետական հերթական «ակցիան» մեզանում ցուցանելու, ռուսական ընկերությունների հանդեպ նոր գարշանք առաջացնելու առումով, որի հաջորդական «թագ ու պսակն» էլ «երկաթուղային գոսպոդին» Յակունինի արտաբերումն էր, թե Իրան-Հայաստան երկաթուղին «ֆուֆլո» է, այն չի կառուցվի, այլ որ Բիբինի «չայցը» հայոց պառլամենտ ամենաշատն օգնեց իշխանություններին ու հենց պարոն Նազարյանին: Այո՛, այո՛, ամենամեծ «օդբացթողումը» հենց այս դեպքում եղավ, և Բիբինը շանթարգելի նման կլանեց բողոքի այն բացասական էներգետիկան, որն առկա էր այս հարցի շուրջ` բոլոր առումներով:
Դառնանք քաղաքական ասպեկտին. հայոց իշխանությունները մի քանի կետով փորձում էին լիարժեք «օդարձակում կատարել».
ա) Լսումներ, որի գլխավոր դերակատարը, ինչպես ասացինք, պարոն Բիբինն «ստացվեց»:
բ) 17-դրամանոց հայտը բավարարվեց ընդամենը 7 դրամով: Ընդ որում, բավականին հետաքրքիր «կոնֆիգուրացիայով»` հունիսի 19-ին տեղի ունենալիք միտինգին ընդառաջ:
գ) Ինդեքսացիա, որի միջոցով անապահով խավերի բարձրացված սակագնի «ծախսերը» կփակի կառավարությունը:
Հիմա հարց. վասն ինչո՞ւ էի այսպես երկար «նաղլում» այս հեքիաթը: Այն պատճառով, որ էներգիայի սակագինը, 19-ին սպասվող «բուռն» միտինգը, որքան էլ նախապատրաստական աշխատանքները մեծ են, որքան էլ փորձ է արվում ունենալու կրիտիկական մասսա, վերը նշված օբյեկտիվ պատճառներով լարվածության որոշակի թուլացում է լինելու: Սա` մեկ: Երկրորդ` ամառ է, ինչն ինքնին «օբյեկտիվ» պատճառ է` ոչ թե սկսված շոգերի, այլ սպասվող ռելաքսիաների: Հանգստյան սեզոնն իրենն անելու է: Բողոքի ակցիաները, որոնք առանց այն էլ Հայաստանում շատ դժվար են թափ հավաքում, այս դեպքում նույնպես չեն կարողանալու հասնել իրենց պիկին: Ընդ որում, իշխանությունները գրագետ հաշվարկով բավականաչափ «կտորտոզան» գլխավոր հարցում. կթողնեն էլէներգիայի սակագնի բարձրացման բումն անցնի, իրենք ձեն-ծպուտ չեն հանի, չեն ասի, թե սահմանադրական փոփոխություններով կառավարման որ մոդելն են նախընտրում, կասեն` դեռ հունիսն է, հուլիսի սկզբներին մի անգամ էլ փոփոխությունները պետք է տարվեն Վենետիկ, բերվե՜ն…
ՈՒ մինչ բողոքավորների մոդերատորները` մե՜կ-երկո՜ւ-երե՜ք-չո՜րս, իրենք շատ արագ, ամռան տապին, դատարկ մնացած Երևանում կհայտարարեն հարկավորը, ու` վերջ:
Առաջին սերիայի, ուսանո՛ղ:
Իսկ այ, երկրորդ սերիայում, արդեն աշնանը, խաղն անչափ կթեժանա:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ